Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ 2020-2021 թթ. ուսումնական տարվա համար նախաձեռնում է «Չինական Մեծ Պատ» կրթաթոշակների տրամադրման գործընթաց` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար:

Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և գիտահետազոտողների համար, ովքեր ցանկանում են մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալ ՉԺՀ համալսարաններում: Դասընթացների հիմնական լեզուն անգլերենն է. բացառիկ դեպքերում, թեկնածուներից կարող են պահանջել անցնել չինարենի դասընթացներ՝ նախքան ընտրված ոլորտներում ուսումնառության կամ գիտահետազոտական աշխատանքների մեկնարկը:

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երկու թեկնածու. հայտերը կարող են ներկայացվել միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորությամբ: Մեծապես խրախուսվում է կին թեկնածուների ներկայացումը:

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր ներկայացվող նյութերից:

Հնարավոր թեկնածուների փաստաթղթերի ամբողջական փաթեթները մինչև ս.թ. մարտի 13-ը ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (փաթեթների էլեկտրոնային տարբերակներն անհրաժեշտ է ուղարկել նաև v.ter-petrosyan@mfa.am հասցեով): Ոչ ամբողջական և կրթաթոշակի չափորոշիչներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու: