Փետրվարի 25-27-ն Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում կայացել են սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները, որոնց մասնակցել է շուրջ 50 մարզիկ:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով՝ առաջնությունում մրցակցության որոշակի պակաս է նկատվել, ինչը պայմանավորված է երկու գործոնով. «Այս առաջնությունը տարբերվում էր նախորդներից, քանի որ այս անգամ շատ էին վնասվածք ունեցող մարզիկները: Բացի այդ, ավանդաբար Հայաստանի առաջնության արդյունքներով էինք որոշում, թե ովքեր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, սակայն այս տարի եվրոպական ստուգատեսը Բաքվում է, և մենք չենք մասնակցելու: Այս ամենով պայմանավորված կար մրցակցության որոշակի պակաս»,- ասել է Հակոբ Սերոբյանը և հավելել, որ առաջնությանը մասնակցել են նաև պատանի մարզիկներ. «Առաջնությանը թույլ ենք տվել մասնակցել կրտսեր սերնդի ներկայացուցիչներին: Շատ գոհ եմ երիտասարդների արդյունքներից, լավ երեխաներ ունենք: Օրինակ՝ տղամարդկանց բազմամարտում երրորդ մրցանակակիրը 13 տարեկան է: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին հավաքականի առաջատարներին փոխարինողներ կլինեն: Ինձ ուրախացնում է, որ լավ սերունդ ունենք: Օրինակ՝ Արթուր Ավետիսյանը կարող է հաջորդ Օլիմպիական խաղերում լուրջ հայտ ներկայացնել: Սա միայն իմ կարծիքը չէ, մի շարք բարձրակարգ մրցավարներ համակարծիք են»:

Տղամարդկանց առաջնությունում բազմամարտի չեմպիոն է դարձել Արթուր Դավթյանը, որը Հայաստանը ներկայացնելու է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում: Դավթյանն այժմ վնասվածք ունի և Օլիմպիական խաղերից առաջ չի պատրաստում իրեն ծանրաբեռնել մրցաշարերով. «Վնասվածքի պատճառով դեկտեմբերից չէի մարզվում: Փետրվարին եմ վերսկսել մարզումներս և առաջնությանն ամբողջ ուժով չեմ մասնակցել: Շատ կարևոր տարի է, քանի որ մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին: Այժմ ինձ համար կարևորը լիարժեք ապաքինվելն է: Ավելի լավ է՝ մեկ-երկու մրցաշար բաց թողնեմ, բայց լավ մարզավիճակով հանդես գամ Օլիմպիական խաղերում»,- ասել է Արթուր Դավթյանը:

Տղամարդկանց առաջնության մրցանակակիրները

Բազմամարտ
Արթուր Դավթյան
Գագիկ Խաչիկյան
Համլետ Մանուկյան

Ազատ վարժություն
Նորայր Հովհաննիսյան
Ռոբերտ Գյուլումյան
Գագիկ Խաչիկյան

Նժույգթափեր
Հարություն Մերդինյան
Արթուր Դավթյան
Գագիկ Խաչիկյան

Օղակներ
Վահագն Դավթյան
Արթուր Դավթյան
Գագիկ Խաչիկյան

Հենացատկ
Արթուր Դավթյան
Վիգեն Խաչատրյան
Համլետ Մանուկյան

Զուգափայտ
Արթուր Դավթյան
Էրիկ Բաղդասարյան
Ռոբերտ Գյուլումյան

Պտտաձող
Արթուր Դավթյան
Էրիկ Բաղդասարյան
Գագիկ Խաչիկյան

Կանանց առաջնության մրցանակակիրները

Բազմամարտ

Աննա Գրիգորյան
Տաթև Սուքիասյան
Ինեսա Ջաղինյան

Հենացատկ
Ինեսա Ջաղինյան
Տաթև Սուքիասյան
Աննա Պետրոսյան

Զուգափայտ
Ջեմմա Բերբերյան
Մանե Պողոսյան
Տաթևիկ Մկրտչյան

Հավասարակշռության գերան
Տաթև Սուքիասյան
Տաթևիկ Մկրտչյան
Աննա Մանթաշյան

Ազատ վարժություն
Ինեսա Ջաղինյան
Անի Եղիկյան
Մանե Պողոսյան

Հավելենք, որ առաջիկայում մարմնամարզիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Թբիլիսիում՝ պատրաստվելով Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի հերթական փուլին: