Փետրվարի 22-23-ը կայացել է սեղանի թենիսի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետության ուժեղագույն թենիսիստները (24-ական ներկայացուցիչ տղամարդկանց և կանանց մրցաշարերում):

Տղամարդկանց մենախաղում Հայաստանի չեմպիոն է դարձել Վարուժան Բաղդասարյանը, ով եզրափակչում հաղթել է Մելքոն Հովհաննիսյանին: Բրոնզե մեդալի արժանացել է Հարություն Հարությունյանը:

Տղամարդկանց զուգախաղում առաջին մրցանակին արժանացել են Վարուժան Բաղդասարյանը և Մելքոն Հովհաննիսյանը: Այս զույգը եզրափակչում պարտության է մատնել Հարություն Հարությունյան/Վարդգես Սարոյան զույգին: Երրորդ մրցանակակիր է դարձել Մեսրոպ Ղուկասյան/Էրիկ Կոստանյան զույգը:

Կանանց մենախաղում անգերազանցելի է եղել Ռուբինա Վարդանյանը, ով Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է 8-րդ տարին անընդմեջ: Երկրորդ հորիզոնականում Էլեն Բախչաջյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աննա Ադամյանը: Կանանց զուգախաղում առաջին մրցանակակիր է դարձել Հասմիկ Մաթևոսյան/Միլենա Ասոյան զույգը, որը եզրափակչում առավելության է հասել Ռուբինա Վարդանյան/Աննա Ադամյան զույգի նկատմամբ: Երրորդ մրցանակին արժանացել է Մանե Ղազարյան/Մարինե Գալստյան զույգը: