ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ցուցադրվող հայկական ժանյակի բացառիկ նմուշները տեղ են գտել Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Լեյս» («Lace») հանրահռչակ ամսագրում:

2019 թ. կենտրոն էր այցելել Մեծ Բրիտանիայում գործող Ժանեկագործության գիլդիայի հովանու ներքո հրատարակվող ամսագրի պատասխանատու, արվեստաբան Անջելա Թոմսոնը, որը նշյալ ամսագրում հրատարակված իր հոդվածում անդրադարձել է ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ժանյակների ցուցադրությանը` արժևորելով դրանց եզակիությունը, ինքնատիպությունն ու կատարման տեխնիկան, միևնույն ժամանակ զուգահեռներ անցկացնելով հայկական խաչքարագործության զարդանախշային հորինվածքների հետ:

Օտարալեզու ամսագրում հայկական բազմատեսակ ժանյակների լուսանկարներով ձևավորված նշյալ հոդվածի տպագրությունը նպաստում է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորմանը և միջազգային հանրահռչակմանը: