ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներին: Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև հայկական սպորտի անվանի ներկայացուցիչներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս միջոցառումը գործնական մեկնարկն է այն հայտարարության, որ սպորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն.

«Շատ եմ կարևորում Հայաստանում մեծ սպորտի զարգացումը, որովհետև կարծում եմ, որ մեր մարզիկների հաղթանակները միջազգային ասպարեզում ոչ միայն նրանց անհատական և մարզիչների ու մարզադպրոցների հաջողություններն են, այլև մեծացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Սա է մեզ համար սպորտի և մարզական հաջողությունների առանցքային նշանակությունը: Մենք ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին, մեր մարզիկների կողքին և մեզնից կախված առավելագույնն անենք Հայաստանում սպորտի զարգացման համար»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ մարզիկների՝ հայրենիքին մատուցած ծառայություններն անգին և անգնահատելի են:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, դիմելով ներկաներին, ասել է, որ նախարարության համար սպորտի զարգացումը գլխավոր առաջնահերթություններից է։

«Սպորտը ոչ միայն առողջություն է, կրթություն, տնտեսության զարգացման լուրջ հնարավորություն, այլև հասարակության մեջ հանդուրժողականության, նոր արժեհամակարգի ձևավորման կարևոր գրավական: Ով ուժեղ է մարմնով, ուժեղ է հոգով, հետևաբար, հանդուրժող է, մեծահոգի, ներող: Ուրախ եմ, որ օլիմպիական այս տարում մարզիկների մեծարման և պարգևատրման արարողություն ենք իրականացնում: Սույն նախաձեռնությունը հերթական ցուցիչն է այն բանի, որ պետությունը տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, մեր մարզիկներին, նրանց գործադրած ջանքերին, մարզիչների կատարած աշխատանքին, ֆեդերացիաների արդյունավետ գործունեությանը: Այս միջոցառումը պարգևների սովորական հանձնում չէ, գումարների սահմանում: Առաջին հերթին, սա պետության վերաբերմունքն է ջանքին, կատարած աշխատանքին, հետևաբար՝ մեր պետության ամրապնդմանն ուղղված գործունեությանը»,- ասել է նախարարն ու նշել, որ այս տարվա փոփոխություններով կկրկնապատկվեն Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների հաղթողների ամսական պատվովճարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախարար Արայիկ Հարությունյանը տարվա 10 լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Սլավիկ Գալստյանին, ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին և Հակոբ Մկրտչյանին, մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանին, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին, սամբիստ Տիգրան Կիրակոսյանին, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին հանձնել են պարգևները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներն այսուհետ պարգևատրվելու են 5 մլն-ական դրամով: Նախկինում Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման նպատակով նախատեսված չի եղել բյուջետային խրախուսում, իսկ այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ: