ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մոտ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կապված հանրակրթական դպրոցների, քոլեջների և մարզադպրոցների 2020 թվականի պետբյուջեով նախատեսված շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր հաստատության առկա վիճակին, նախագծանախահաշվային և որոշ դեպքերում բուն շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարար Ա․Հարությունյանը նշել է, որ պետական միջոցների տրամադրման արդյունավետության տեսակետից հարկավոր է ամբողջական մոտեցում ցուցաբերել՝ հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպելով աշխատանքները՝ նախագծումից մինչև կահավորում։ Իսկ այն դեպքերում, երբ ուսումնական հաստատությունում շինարարական աշխատանքներ նախատեսված են մի քանի տարի հետո, անհրաժեշտ է փոխել նախկին մոտեցումը և առաջնահերթ լուծել սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման հարցը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն ասել է, որ հաստատությունների ցանկերն ընտրելիս կարևոր է աշխատանքը մարզպետարանների համապատասխան վարչությունների հետ։ Բացի այդ, ըստ նրա, ավելի նպատակահարմար և արդյունավետ է մեծ ներդրումներով խոշոր շինարարական ծրագրեր իրականացնել, քան լոկալ խնդիրներ լուծել։

Խորհրդակցության մասնակիցները բարձրաձայնել են կարիքների գնահատման միասնական համակարգի, տեղեկատվական բազայի և մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտության մասին, ինչը հնարավորություն կտա մեկտեղել ջանքերը, համադրել տարբեր գերատեսչությունների իրականացրած շինարարական ծրագրերը՝ բացառելով այն դեպքերը, երբ նույն հաստատության նորոգման հարցը ներառվում է տարբեր գերատեսչությունների բյուջեներում։