Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է այս օրը նշվում է որպես` Գիրք նվիրելու օր:
Տոնի կապակցությամբ փետրվարի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի մի շարք միջոցառումների:

ժամը 11:30-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մոտ՝ «Ընթերցողի» արձանի հարևանությամբ, տեղի կունենա Գիրք նվիրելու ակցիա: Նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարության աշխատակիցներն անցորդներին գրքեր կնվիրեն:

ժամը 11:45-ին նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմասնակցի արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին, որին իրենց մանկապատանեկան գրական հավաքածուներով կմասնակցեն մի շարք հրատարակչություններ և գրատներ:

ժամը 12:00-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում, «Հեքիաթի դեսպաններ» խորագրով ծրագրի շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը փոքրիկ ընթերցասերների համար կկարդա Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», այնուհետև՝ կզրուցի երեխաների հետ, կպատասխանի նրանց հարցերին։