ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, ասել է, որ բարձր է գնահատում Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել բարձրագույն ուսումնական հաստատության ընդլայմանը միտված նախաձեռնություններում:

Ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, տեղեկացրել է, որ աշնանն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում որպես Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, բայց մինչ այդ շարունակելու է ջանքեր գործադրել՚ ապահովելու բուհի արդյունավետ աշխատանքն ու զարգացման ծրագրերի իրականացումը մեր երկրում: Նա հայտնել է, որ այս պահին շարունակվում է համալսարանի կանոնադրական փոփոխությունների մշակման գործընթացը:

Ռեկտորի խոսքերով, կատարվում է նախապատրաստական լուրջ աշխատանք Հայաստանում ֆրանսիական համալսարանի շենքային պայմանները բարելավելու, նոր մասնաշենք կառուցելու, ինչպես նաև այդ նպատակով ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ: Նախատեսված ծրագրերն իրականություն դարձնելու պարագայում, ըստ Ժան-Մարկ Լավեստինի, համալսարանի ուսանողների թիվը հնարավոր կլինի կրկնակի ավելացնել: Նա նաև ընդգծել է, որ խնդիր են դրել ավելի շատ մասնագետներ պատրաստել բարձր տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով:

Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունել է համալսարանի ընդլայնման ու զարգացման ծրագրերը, հույս հայտնելով, որ նաև հայկական կողմի հետ համագործակցության ու համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի դրանք առաջիկայում կյանք կոչել: