Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը հաջող ելույթ է ունեցել ԱՄՆ-ում կայացած «Azarian Team Cup» ամենամյա մրցաշարին, որը նվիրված է լեգենդար Ալբերտ Ազարյանին:

«Օղակների արքայի» որդու՝ օլիմպիական չեմպիոն Էդուարդ Ազարյանի նախաձեռնած մրցաշարում Գագիկ Խաչիկյանը 17 տարեկանների պայքարում 3 մեդալ է նվաճել՝ նժույգթափերում զբաղեցնելով առաջին, պտտաձողի վրա վարժությունում՝ երկրորդ, իսկ բազմամարտի արդյունքով՝ երրորդ տեղը:

Բազմամարտում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի Մարկ Բերլագան (76.850), երկրորդ արդյունքը գրանցել է ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռիլի Ռոուզը (76.200), իսկ Գագիկ Խաչիկյանը հավաքել է 75.450 միավոր և արժանացել բրոնզե մեդալի:

Առանձին գործիքներից նժույգթափերի վարժությունում Գագիկ Խաչիկյանը հավասարը չի ունեցել՝ 13.150 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը, իսկ պտտաձողի վրա վարժությունում երիտասարդ մարմնամարզիկը 12.000 արդյունքով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Ազատ վարժությունում ևս Գագիկ Խաչիկյանը մոտ է եղել մեդալ նվաճելուն՝ 13.150 միավորով նա զբաղեցրել է չորրորդ տեղը: Մյուս մրցագործիքների վրա Գագիկ Խաչիկյանը գրանցել է հետևյալ արդյունքները՝

  • Օղակներ՝ 12.250 միավոր (8-րդ տեղ)
  • Հենացատկ՝ 12.200 միավոր (17-րդ տեղ)
  • Զուգափայտեր՝ 12.700 միավոր (7-րդ տեղ):