Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողությամբ է մեկնարկել նոր մրցաշրջանում: Հունվարի 18-19-ը մեր ընտրանին Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Ժան Անրի Դեգլանի անվան մրցաշարին և նվաճել 7 մեդալ:

97 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ 10:1 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձեին: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով պարտության է մատնել Հոնդուրասի ներկայացուցիչ Կևին Մեջիային, կիսաեզրափակչում 2:1 հաշվով հաղթել է բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին, իսկ վճռորոշ գոտեմարտում 3:1 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Օրhան Նուրիևին: Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն էր վնասվածքից հետո: Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած աշխարհի առաջնությունում Ալեքսանյանը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից:

Նիսի մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմից արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ), իսկ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: Մրցաշարին մասնակցել են նաև Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային կարգի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էլ, ով մարզվում է անհատական ծրագրով, հանգստյան օրերին Դանիայում մասնակցել է «Thor Masters» միջազգային մրցաշարին։ Ջուլֆալակյանը տարել է 7 հաղթանակ և դարձել մրցաշարի հաղթող։