Հունվարի 11-ին` ժամը 11:00-ին, Բաղրամյան 8 հասցեում (Հայկանուշ Դանիելյանի առանձնատան մոտ) կմեկնարկի իրազեկման արշավ` պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով: Հաջորդ կանգառը կլինի Հայաստանի գրողների միության շենքի մոտ` Բաղրամյան 3:

Նախաձեռնության մասնակիցները տեղեկատվական թերթիկներ կբաժանեն քաղաքացիներին, որտեղ հակիրճ և հստակ ներկայացված է պատմամշակութային հուշարձան շենքում աշխատելու կամ ապրելու, տարածքն օգտագործելու, չաղճատելու պայմանները, ինչպես նաև տվյալ շենքերի օգտագործման կամ պահպանության կանոնները խախտելու դեպքում օրենքով նախատեսվող տուգանքները:

Որպես առաջին քայլ, իրազեկման արշավի անմիջական մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Իրազեկման արշավի նպատակն է ոչ ֆորմալ քննարկումների ճանապարհով, լայն հասարակության ուշադրությունը սևեռել պատմամշակութային ժառանգության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների, անելիքների, մարտահրավերների վրա, թե ինչպես տարբեր իրավիճակներում գտնել լուծումներ, հանդես գալ նախաձեռնություններով: