ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդների և հեղինակային խմբերի շրջանակում անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը։

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ներկայացրել է մրցույթի մանրամասները՝ ընդգծելով, որ այն հիանալի հնարավորություն է նոր գաղափարներ ունեցող երիտասարդների համար։ «Սա շատ կարևոր մրցույթ է հատկապես այն երիտասարդների համար, որոնք չունեն ծրագրեր կազմելու և դրամաշնորհների համար դիմելու փորձառություն, բայց ցանկանում են կիսել իրենց գաղափարները: Ներկայացված գաղափարները կստանան փորձագիտական գնահատական և ճանաչում, ինչը հայտատուին թույլ կտա հասկանալ սեփական գաղափարի որակը և իրագործման հնարավորությունները»:

2019 թվականին մրցույթն անցկացվում է 5 անվանակարգով՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ: Այս տարի ներկայացվել է 17 հայտ: Գևորգ Լոռեցյանը նշել է, որ նախարարությունը 2020 թվականից մտադիր է ակտիվացնել երիտասարդական ոլորտը և մեծացնել նման ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը.

«Դիմումների նման քանակը պայմանավորված է նրանով, որ շատերը չեն հասկանում ծրագրի վերջնանպատակը: Վերջին մեկուկես տարվա փոփոխություններից հետո մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նման ծրագրերի կարևորությունը և նշանակությունը հասցնենք մարդկանց: Դա արագ կատարվող գործընթաց չէ: Նախարարությունն արդեն նախատեսել է 2020 թվականին երիտասարդական քաղաքականության ոլորտում մեծ ռեֆորմներ իրականացնել, ծրագրերը դարձնելու ենք առավել նպատակային: Սա նորմալ գործընթաց է, հատկապես հետհեղափոխական երկրում, որտեղ մենք փորձում ենք ակտիվացնել մի ոլորտ, որը տարիներ շարունակ մատնված է եղել անուշադրության»,- ասել է նա:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԿԳՄՍՆ աջակցելու է բոլոր հայտատուներին՝ հավելելով, որ մրցույթը գաղափարների ներկայացման հարթակ է: Մրցույթի միջոցով գաղափարները զարգացնելուց հետո հեղինակներն արդեն կարող են դիմել դրանց ֆինանսավորման համար:

Դեկտեմբերին 9-ին կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդեսը։ Դրան կհաջորդի հանձնաժողովի նիստ, որում հեղինակները կներկայացնեն իրենց նախագծերը, և համապատասխան հանձնաժողովը կգնահատի դրանք։ Դեկտեմբերի 10-ին կայանալիք պաշտոնական միջոցառման ժամանակ կհայտարարվեն 5 հաղթողները, որոնք կստանան խրախուսական պարգևներ և հավաստագրեր: