ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր նախարարությունում ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրավերով՝ «Co-incubation and incubator» ոլորտում Հայաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով։ Նոյեմբերի 23-ից Հայաստանում գտնվող ինդոնեզական պատվիրակության կազմում այդ երկրի կառավարության ներկայացուցիչներն են, ինկուբացիոն ծրագրերի ղեկավարներն ու ստարտափերի հիմնադիրները:

Ողջունելով հյուրերին Երևանում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն արձանագրել է, որ երկկողմ համագործակցությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարությունների միջև հուլիսին ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Նա համառոտ ներկայացրել է կրթության և գիտության ոլորտներում Հայաստանում սկիզբ առած բարեփոխումների ընթացքն ու նպատակները՝ նշելով, որ խնդիր է դրված խորացնել բնագիտական առարկաների ուսուցումը, բարենպաստ պայմաններ ստեղծել ստարտափերի շարունակական զարգացման համար, գիտությունն ու հետազոտական աշխատանքը կապել բուհերի հետ։ Ա․ Անափիոսյանն անդրադարձել է նաև Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման գործընթացին, խոսել է դպրոցականների համար իրականացվող մշակութային ծրագրերի կարևորության մասին։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ազդարարել է, որ FAST-ը, որպես գլխավոր իրականացնող գործընկեր, արդեն սկսել է համագործակցության առաջին փուլը: Ծրագրի շրջանակում նախատեսվում են արագընթաց վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրերը։ Արագ փոփոխվող աշխարհում նա նաև կարևորել է առնվազն վեց տարին մեկ անգամ կրթական ռազմավարական ծրագրերի ու փաստաթղթերի վերանայման անհրաժեշտությունը։

Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ Ֆերրի Ռահմադանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, հետաքրքրվել է, թե որքանով է արդարացված կրթության և գիտության նախարարության միավորումը մշակույթի և սպորտի ոլորտները համակարգող գերատեսչությունների հետ։ Նա խոսել է նաև մասնավոր հատվածի հետ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և հնարավոր համատեղ ծրագրերի կարևորության մասին։

Հյուրերին ներկայացվել է կրթական բարեփոխումների ոլորտում ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած քայլերն ու բարձրագույն կրթության և գիտության բնագավառում օրենսդրական նոր կարգավորումները։

Ինդոնեզական պատվիրակությունը հանդիպումների շարքը մեր երկրում կշարունակի մինչև դեկտեմբերի 2-ը։