ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության «Ն.Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

Պարտադիր պայմաններ`

  • ՀՀ քաղաքացիություն.

  • բարձրագույն կրթություն.

  • հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ թանգարանագիտություն կամ արվեստի տեսություն, պատմություն և կառավարում բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/.

  • «Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Լրացուցիչ պայմաններ`

  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

  • ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն.

  • աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

  • տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

  • ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն:

Մրցույթը կկայանա 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 10:30 -ին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցեն` ք. Երևան, Կառավարական 2-րդ մասնաշենք, Վազգեն Սարգսյան 3, 5-րդ հարկ/

Մրցույթին մասնակցել ցանկացողները նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.

  • մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի կամ վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան մարմնից տեղեկանք/ բնօրինակները և մեկական պատճենները.

  • զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը, կամ համապատասխան տեղեկանք /միայն արական սեռի անձինք/.

  • 3 x4 սմ չափսի մեկ լուսանկար.

  • անձնագիրը և պատճենը.

  • ինքնակենսագրությունը.

  • դիմողի կողմից լրացված կադրերի հաշվառման թերթիկը.

  • տեղեկանք մշտական բնակության վայրից.

  • հրատարակված հոդվածների ցանկը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը /դրանց առկայության դեպքում/.

  • բնութագիր` վերջին աշխատավայրից.

  • «Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 14:00-ից մինչև 17:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է
29. 11. 2019 թ., տեղեկատու հեռ.` 011 /51-63-11/: