Իմ պատմությունը մի շատ հետաքրքիր մտածելակերպ ունեցող տղայի մասին է, որը չուներ ընկերներ, գրեթե չէր շփվում հասակակիցների հետ: Երևի դա էր պատճառը, որ նյարդային և կոնֆլիկտային էր, դրսևորում էր անհավասարակշիռ վարք։
Երկու տարի առաջ նրան տեղափոխեցին իմ դասղեկական դասարան: Ես՝ որպես դասղեկ, քաջ գիտակցում էի, որ պետք է առաջին հերթին շահեմ երեխայի վստահությունը, որ պետք է իրեն պաշտպանված և սիրված զգա: Հանդիպեցի տղայի մայրիկի հետ, լսեցի երեխայի մասին նրա պատմությունը, այնուհետև, կազմակեպեցի հանդիպում դասավանդող ուսուցիչների և բազմամասնագիտական թիմի հետ։
Մեր նպատակը երեխայի հետ տարվող աշխատանքների ճիշտ կազմակերպումն էր: Ճիշտ է, շատ կարևոր է աշակերտին ներգրավել ուսումնական պրոցեսի մեջ, բայց այս պարագայում անհրաժեշտ էր, որ նա նախ իրեն զգար 6Ա դասարանի աշակերտներից մեկը: Ինձ շատ օգնեցին իմ սաները: Նրանք իրենց դասընկերոջը տվեցին սեր և ջերմություն: Ես տղայի մայրիկին խնդրեցի, որ վստահի ինձ և էքսկուրսիաների ժամանակ չուղեկցի տղային: Շնորհակալ եմ նրան, որ վստահեց ու հավատաց մեզ:
Ուսումնական տարվա ընթացքում մենք այցելեցինք թանգարաններ, դիտեցինք ներկայացումներ, և երեխան միշտ մեզ հետ էր: Դասընկերները մեծ հաճույքով մասնակցեցին նրա ծննդյան տոնին և անկեղծ ուրախություն պարգևեցին նրան:
Եթե մենք ուզում ենք, որ ներառումը ճիշտ իրականանա, ուրեմն անհրաժեշտ է բոլոր երեխաների կրթական կարիքները հավասար գնահատել, նրանց ներգրավել դպրոցի ուսումնական և մշակութային բոլոր միջոցառումներին: Ու
ուզում եմ վկայակոչել Դ.Մենդելեևին, որը կարծում էր, որ ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ: