Շմավոն Շմավոնյանը հայտնի անուն է արդի հայ կերպարվեստում: Նրա շռայլ նկարչության հետքերին հանդիպել եմ թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ - ում, թե՛ այլուր: Ընդ որում՝ և՛ անհատական հավաքածուներում, և՛ պետական – հասարակական հաստատություններում:

Նկարիչը դեռ փոքրուց է վառ երևակայություն ունեցել՝ թերևս պայմանավորված նաև Արարատի փեշերին փռված Վերին Արտաշատ գյուղում ծնված լինելու հանգամանքով: «Ապրում էինք Դվին հնավայրի կողքին,- պատմում է նկարիչը և շարունակում,- Այդ խորհրդավորությունը մինչ հիմա պահպանվել է մեջս»: