Տարբեր են լինում քանդակագործները. ոմանք տքնաջան աշխատում են միայն պատվերներ ստանալիս, մյուսներն՝ անկախ պատվերից օրուգիշեր որոնում են նորանոր ձևեր ու արտահայտչամիջոցներ՝ ժամանակի հետ բյուրեղացնելով իրենց ասելիքն ու ստեղծելով թանգարանային իրական արժեքներ:

Վերջիններիս շարքում նաև Սամվել Ղազարյանն է: Արդեն չորս տասնամյակ է, ինչ այս արվեստագետը հավատարիմ է իր գեղարվեստական ու մարդկային սկզբունքներին: Որոնելով ու գտնելով կերպավորման հաջող ձևեր՝ քանդակագործին հաջողվել է զերծ մնալ ամեն անգամ դրանք նույնությամբ կրկնելու գայթակղությունից և խույս տալ գեղարվեստական շտամպի երևույթից: Ապրելով իր իսկ կերտած ձևակերտումների գեղարվեստական աշխարհում՝ նա այսօր էլ շարունակում է հաստատել միայն իրեն վերապահված տեղն արդի հայ կերպարվեստում: