Ով երբևէ այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի, նույն ինքը՝ Թաթոսի արվեստանոց, իրեն հաստատ հայտնաբերել է Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում: Պատերին կախված և մեջք մեջքի հենած տասնյակ, չասելու համար՝ հարյուրավոր կտավներում մեր բնաշխարհի ծանոթ-անծանոթ անկյուններն են, ծառերն ու թփերը, իսկ գլխավորապես՝ ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր… Նկարիչը, իր իսկ խոսքերով, գիտի ՀՀ յուրաքանչյուր քառակուսի մետրը. նկարել է իր ծննդավայր Շիրակ աշխարհը, Լոռին, Սյունիքը, մյուս տարածաշրջանները: Նա բնավ զանազանություն չի դնում մարզերի ու բնակավայրերի միջև. բոլորը միասին և առանձին-առանձին վերցրած՝ մեր հող հայրենին են: «Հայաստանի որ մասն էլ գնաս, նկարելու բան կա»,- ասում է նա՝ նկատել տալով իր ամենասիրած բույրը «հողի բույրը»: