Հերթական՝ 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են աշխարհի հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից ֆիլմեր: Այս տարի լինելու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ: Նախատեսված է նաև «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիրը: Մնացած ծրագրերը լինելու են ոչ մրցութային: Դրանք կրում են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ Ծիրան» խորագրերը:

«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի շրջանակում ներկայացվելու է 6 ֆիլմ՝ փառատոնի հատուկ հյուրերից երկուսի՝ մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասի (4) և Արթուր Արիստակիսյանի (2) գործերից:

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի և Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն-հոյի «Մակաբույծը» և այլ կինոնկարներ:

16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահելու է ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն:

Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան է (Իտալիա): Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Կլերմոն Ֆերան կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը: