Մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Սիրված իրադարձության գլխավոր գործընկերն արդեն 14 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Մեկ շաբաթ շարունակ՝ մինչև հուլիսի 14-ը, հայ ֆիլմասեր հասարակությունն ու կինոգործիչները կունենան միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:

16-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացումը կայացել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իրադարձության մասնակիցները՝ անվանի հյուրերը, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները, հանդիսավոր մեկնարկից առաջ անցել են կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և փառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հերթական անգամ ողջունում եմ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրներին, ովքեր իրենց գործն այս տարի վստահել են երիտասարդ սերնդին: Ողջունում եմ նաև մեծ դահլիճներում համախմբված կինոսեր, արվեստասեր ու կինոյի լեզուն նորովի բացահայտել ցանկացող հասարակությանը: Տարիներ շարունակ, Հայաստանի մշակութային անցուդարձին շունչ հաղորդող «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում: Այն վաղուց դարձել է գեղարվեստական մտածողության և աշխարհընկալման յուրօրինակ հարթակ: Հաճելի կինոդիտում, մասնագիտական նոր վերելք և վառ տպավորություններ եմ մաղթում բոլորին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի փառատոնը փոփոխություններ է կրել, փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, փոխվել են դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ: Փոխվել է փառատոնի տնօրենը: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, և նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչը չափազանց ուրախալի է մեզ համար: Եվ մենք, ինչպես միշտ, պարոն Յիրիկյանի հետ ազդարարում ենք փառատոնի բացումը՝ հուսով, որ այսպես կլինի նաև ապագայում», - իր խոսքում ընդգծել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: