Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հայտարարվել է Թումոյի նոր մարզային «Թումո-տուփ» ծրագրի մեկնարկի, ինչպես նաև Դիլիջանում կրթական ծրագրի ընդլայնման մասին: Միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Տավուշի մարզպետարանի հետ՝ Բերդ քաղաքում տեղադրվող առաջին Թումո-տուփի տրանսպորտային աջակցության վերաբերյալ:Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է, որ այս կենտրոնները կարող են նաև կրթական այլ ծառայություններ մատուցել, օրինակ, ուսանողների վերապատրաստում, նույնիսկ մեծահասակների կրթության մատուցում.

«Մենք շատ ենք խոսում հարատև կրթության մասին և արձանագրում ենք, որ, ցավոք, կրթության մակարդակի ընդհանուր անկում ունենք: Նման կենտրոնները կարող են նպաստել այդ մակարդակի բարձրացմանը և, ըստ էության, դառնալ նույնիսկ փոքր, բայց կրթական կենտրոններ: Եվ եթե նման կենտրոնների ցանց ունենանք ամբողջ պետությունում, ապա դրական առումով կարող ենք լուրջ ազդեցություն ունենալ կրթական համակարգի վրա»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Թումոյի հետ նախարարությունն իրականացնում է մի քանի նախաձեռնություն, և այս ծրագիրը ևս կարող է դառնալ դրանից մեկը:

Նախագիծը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով:

Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է. այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնաուսուցողական տարածք՝ տեղի պատանիների համար: Անցնելով ինքնուսուցման ընթացքը՝ իրենց տեղական Թումո-տուփում ուսանողները մասնագիտացված դասընթացների փուլում ուղևորվում են մոտակա մեծ կենտրոն՝ Թումո հանգույց:

Գաղափարի մշակման և ներդրման գործում նշանակաալի աջակցություն է ցուցաբերել ՀՀ կենտրոնական բանկը: Առաջին Թումո տուփը՝ Ամունիդ-ԱԿԲԱ ընկերության հետ համագործակցությամբ, ինչպես նաև Hayg Foundation հիմնադրամի նվիրատվությամբ մեկնարկում է Բերդ քաղաքում: Բերդի և մոտակա բնակավայրերի ուսանողները գործնական դասընթացները կանցնեն Թումո Դիլիջանում, որը կվերածվի կրթական հանգույցի: Թումո-տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել շուրջ 250 պատանիների:

Բերդի Թումո-տուփը կսկսի գործել 2019 թվականի սեպտեմբերից՝ Թումոյի ինքնակրթական փուլ հրավիրելով առաջին 160 ուսանողներին: