Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար, որտեղ նրանք անվճար հիմունքներով կմասնակցեն դպրոցի կողմից առաջարկվող հագեցած կրթամշակութային ծրագրերին:

55 երեխաների հնարավորություն է տրված ամռան ամիսներին, ըստ իրենց նախասիրության, մասնակցել արտադպրոցական ստեղծագործական, այդ թվում՝ նկարչության, խեցեգործության, հուլունքագործության և ասեղնագործության, տիկնիկագործության, թատերական խմբակներին և դպրոցի հմուտ մասնագետների օգնությամբ զարգացնել իրենց հմտությունները: Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի սաների համար կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ, ցուցահանդեսներ` ՀՀ մշակութային հարուստ ժառանգությանը հաղորդակցվելու նպատակով:

Ծրագիրը կամփոփվի մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի շրջանակում դպրոցի սաների ձեռք բերած նոր գիտելիքների և հմտությունների գործադրմամբ ստեղծված աշխատանքների ցուցադրությամբ: