ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը 2019թ. հուլիսի 3-14-ը կմասնակցի Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք ամառային 30-րդ համաշխարհային ունիվերսիադային: Պատվիրակության անդամներին այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ընդունել են նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանն ու Գևորգ Լոռեցյանը:

Նախարար Հարությունյանը հաջողություն է մաղթել ուսանող մարզիկներին` նշելով, որ պետությունը կարևորում է ուսանողական սպորտի զարգացումը և առաջիկայում այս ոլորտում լուրջ փոփոխություններ են նախատեսվում: Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը, նախատեսվում է ստեղծել ուսանողական մարզական լիգաներ.

«Պետության համար, նաև միջազգային ասպարեզում դիրքերն ամրապնդելու առումով, կարևոր են սպորտային հաղթանակները: Միջազգային քաղաքականության մեջ սպորտը կարևոր տեղ ունի և պատահական չէ, որ հզոր պետությունները ձգտում են մասնակցել ամենահզոր ստուգատեսներին և գրավել բարձր տեղեր: Մեր պետությունը ևս կարևորում է սպորտային ձեռքբերումները` այն դիտարկելով միջազգային դիրքերի ամրապնդման միջոց»,-իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:

ՀՀ ուսանողական մարզական պատվիրակության կազմում ընդգրկված է 14 մարզիկ, 4 մարզիչ: Հայաստանի ուսանող մարզիկները մրցելու են աթլետիկայի, սպորտային մարմնամարզության, հրաձգության, ձյուդոյի, սուսերամարտի, թեքվանդոյի և ջրացատկի մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը: 30-րդ համաշխարհային ունիվերսիադային մասնակցում են 160 երկրների ավելի քան 10.000 պատվիրակներ։ Այս տարի մրցաշարում ընգրկված է 18 մարզաձև։

ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը երկու տարին մեկ անցկացվող այս միջազգային մրցաշարում նախորդ տարիներին ունեցել է մեդալակիրներ: Մասնավորապես, վերջին երեք ունիվերսիադիաներում Հայաստանի պատվիրակությունը 17 մեդալ է նվաճել, այդ թվում` 5 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակից 160 երկրների մեջ Հայաստանը մշտապես ընդգրկված է եղել 30 առավել բարձր արդյունքներ ցուցաբերած երկրների ցանկում:

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից հանդիսանում է համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ: