ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և staff.am պորտալն այսուհետ կհամագործակցեն մարդկային ռեսուրսների հավաքագրման ոլորտում` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների իրազեկվածության անհրաժեշտությունը ոլորտում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ։

Այդ նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնող Սամվել Մուրադյանն ու staff.am պորտալի ներկայացուցիչ Նազելի Բադալյանն ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է նախարարությունում և վերջինիս ենթակա մարմիններում առկա թափուր պաշտոնների հայտարարությունները հրապարակել staff.am հարթակում:

Կարևորելով նախաձեռնությունը` գլխավոր քարտուղարի լիազորությունները կատարող Ս. Մուրադյանը նշել է, որ այս հուշագիրը մեծ քայլ առաջ է մրցունակ և արհեստավարժ մասնագետներին պետական համակարգում ներգրավելու առումով։ Staff.am-ի ներկայացուցիչ Նազելի Բադալյանն էլ, իր հերթին, ընդգծել է, որ պորտալի նպատակն աշխատաշուկայի զարգացմանը նպաստելն է, և իրենք միշտ բաց են պետության հետ համագործակցության հարցում:

Համագործակցության շրջանակում staff.am ընկերությունը ապահովում է նախարարության տրամադրած թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների և մրցույթների պատշաճ տարածումը և հասարակության լայն շրջանակների իրազեկումը` անվճար հիմունքներով: